Անշարժ գույքի կադաստրի համակարգ. 10-ամյա տարեդարձ
175 երկրների շարքում Հայաստանը 2-ն է
1997թ. հունիսի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց անշաժ գույքի կադաստրի համակարգը, ու ընդամենը երկու տարի անց այն արդեն ՄԱԿ-ի, եվրոպական հանձնաժողովի հողի կառավարման խմբի բյուրոյի անդամ էր: 2005թ. Ժնեւում քննարկվեց մեր երկրի փորձը կադաստրի համակարգի բարեփոխումների եւ անշարժ գույքի շուկայի կայացման ուղղությամբ, որտեղ էլ արձանագրվեց, թե միասնական համակարգի ներդրումը արդյունավետ է եղել ու կարող է լավ օրինակ լինել այլ երկրների համար: Նույն գնահատականը տրվեց ՀԲª վարկային ծրագրերի ամփոփիչ զեկույցում, նաեւ տարեկան ամփոփիչ տվյալներում, այն էª Հայաստանը 175 երկրներից 7-րդն էր: 2006թ. արդեն 2-րդ տեղում էինք:
Սա արդեն համակարգի 10 տարվա գործունեության գնահատականն է: Երեկ կադաստրի պետական կոմիտեում նշվում էր տարեդարձը. հանդիսավոր նիստ էր ու հուշամեդալների, շնորհակալագրերի հանձնման արարողություն: ՙՍա շատ զգայուն համակարգ է,-նշեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը,- առնչվում է հասարակության բոլոր շերտերի հետ, ուստիեւ բոլորի ուշադրությունն այս համակարգին հասկանալի է: Համակարգն այս 10 տարիներին կայացել է, բայց դրանով չի բավարարվում ու անընդհատ քայլեր է մտածում զարգացնելու, համակարգի թափանցիկությունն ավելացնելու, քաղաքացիների սպասարկումը բարելավելու ուղղությամբ՚:
Ի դեպ, վերջին երկուսի մասով. մինչ հանդիսավոր նիստին անցնելը նշվեց կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման նոր շենքի բացումը: ՙՄարզերում էլ անհրաժեշտ է մեր տարածքային կառույցների շենքային պայմանները բարելավել,-նկատեց կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը,- այս տարի կանենք 16-ը: Բարելավված շենքային պայմանները նաեւ որակյալ սպասարկում են ենթադրում՚: Ինչեւէ, Շենգավիթի տարածքայինի (որ սպասարկում է Մալաթիա-Սեբաստիա համայնքը եւ Շենգավիթի 1/3-ը) նախկին շենքը վթարային էր եւ բավականին վատ պայմաններով: Նորը ջեռուցման եւ օդափոխման համակարգեր ունի, ստորաբաժանման ղեկավար Արսեն Բիձյանը իր աշխատասենյակից կարողանում է հսկել աշխատակիցների աշխատանքը (տեսագրվում եւ ձայնագրվում է), իսկ արխիվի բաժին մուտք կարող են գործել միայն որոշակի մարդիկ, այն էլ հատուկ ՙչիփերի՚ օգնությամբ: Տարածքային կառույցի ընդհանուր բաժնում ցուցատախտակներին փակցված է անհրաժեշտ տեղեկատվությունը եւ գործարքների գնային ցանկը: Ի դեպ, այս բաժնում նաեւ ՙՀայփոստի՚ բաժանմունքի փոքրիկ հենակետ կա, որի շնորհիվ քաղաքացին կարող է վճարումը հենց այստեղ էլ անել: Ստորաբաժանումը օրական 100 քաղաքացի կարող է սպասարկել:
Իսկ համակարգի ստեղծման 10-ամյակի առթիվ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվեց կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը: ՀՀ վարչապետի շնորհակալագրերը ստացան կոմիտեի գրանցման վարչության պետ Հակոբ Մարտիրոսյանը, կոմիտեի Թալինի ստորաբաժանման ղեկավար Հենզել Եղիազարյանը, ՙԳեոդեզիայի եւ քարտեզագրության ինսիտուտ՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Հովսեփ Պետրոսյանը: Մանուկ Վարդանյանը պարգեւատրվեց փոխվարչապետի հուշամեդալով: Համակարգի 35 աշխատակիցներ պարգեւատրվեցին կոմիտեի նախագահի հուշանվերնեով եւ դրամական պարգեւատրումներով: Մ. վարդանյանը հակիրճ ամփոփեց նաեւ 10 տարում արվածը:
Ըստ այդմ, 1. օրենսդրորեն կարգավորվեցին սեփականության եւ այլ գույքային իրավունքները, անշարժ գույքի ձեռքբերման, կառավարման, գույքայի շրջանառության ապահովման, նաեւ ոլորտի կարգավորման հիմնական օրենքները (300-ից ավելի իրավական փաստաթղթեր): 2. Ստեղծվեց գույքի նկատմամբ իրավունքների երաշխավորման համակարգը: 3. Ավարտվեց կադաստրային քարտեզագրումը: 4. Ներդրվեց հասցեավորման գրանցման ռեգիստրը: 5. Ներդրվեց շարժական գույքի գրավի եւ ֆինվարձակալության ռեգիստրը: 6. Ձեւավորվեց 1.6 մլն հողի հարկի եւ 800 հազար միավոր օբյեկտների (այդ թվում հասարակական եւ արտադրական) գույքահարկի հենքը:
ՙՀամակարգում յուրաքանչյուր տարի 120 հազար ընթացիկ գրանցումներ են արվում, շուրջ 200 հազ տեղեկատվություն է տրամադրվում, 1 մլրդ դրամի պետական տուրք է գանձվում: Համակարգն իհարկե խնդիրներ էլ ունի, որոնք աշխատանքային են եւ լուծման ամենօրյա ջանքեր պահանջող: Մենք շարունակելու ենք ոլորտի զարգացմանը ուղղված քայլերըª ի սպաս մեր երկրի բարօրության՚,-ամփոփեց կադաստրի պետկոմի նախագահ Մանուկ Վարդանյանը:
Արմենուհի Մելքոնյան
<<< Վերադառնալ հոդվածներ և վերլուծություն բաժնին
|